Ուռուտ գյուղի 430 բնակիչ ստորագրություններով դիմել են Ուռուտ գյուղի վարչական ղեկավարին, Լոռի Բերդի խոշորացված համայնքի ղեկավարին ու ավագանուն, որտեղ ասված է․
«Մենք՝ Լոռի Բերդ խոշորացված համայնքի Ուռուտ բնակավայրի բնակիչներս, մտահոգված ենք Ուռուտ բնակավայրում երկրաբանահետազոտական ուսումնասիրությունների նպատակով աշխատանքներ անցկացնելու հանրային լսումներով, որոնք ապագայում կարող են սպառնալ նաև մեր բնակավայրում հանք բացելու հեռանկարով։
Լսումները 3 անգամ տեղի չեն ունեցել, որից հետո հաջորդ լսումներ նշանակելը համարում ենք անթույլատրելի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուռուտ բնակավայրը ներառված է Լոռի Բերդ խոշորացված համայնքի մեջ, և համայնքի մնացած բնակավայրերը չեն հանդիսանում այս նախագծի առաջնային ազդակիրը, իսկ Ուռուտը առաջնայինն է վնաս կրելու այդ հանքի բացումից, պահանջում ենք Ուռուտ բնակավայրի վարչական ղեկավարից պաշտպանել բնակավայրի շահերը և Ուռուտի բնակչության անունից Լոռի Բերդ խոշորացված համայնքի ավագանու օրակարգ մտցնել Ուռուտի տարածքում հանքի բացման անթույլատրելության հարցը և երկրաբանահետազոտական ուսումնասիրության աշխատանքների համար համայնքի նախնական թույլտվությունը մերժել, որի համար ստորագրել ենք»։
Հիշենցնեք, որ «Ջին հոլդինգ լիմիթիդ» ՍՊԸ-ն ցանկանում է Ուռուտում բազմամետաղներ որոնել։ Բազմամետաղների հանքավայրում 2021-2024թթ. երկրաբանահետախուզական ուսումնասիրության աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային լսումները Ուռուտում 3 անգամ չեն կայացել։ Բնակիչները մերժել են հանրային լսումները և կազմել արձանագրություն այն մասին, որ իրենք դեմ են հանքին և այդ թեմայով որևէ տեսակի լսումներին իրենց գյուղում։
Իրենց մտադրությունը այժմ ուզում են ամրագրել ավագանու որոշմամբ, համապատասխան հանրագրով։

